Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Երգող-ապաքինող սկահակներ

Երգող-ապաքինող սկահակներ

Երգող սկահակների ազդեցությունը շատ ավելին է, քան պարզապես մերսումը; Այս անսովոր բուժական մերսման` «երգող սկահակների» կամ տիբեթյան սկահակների հայրենիքը Հարավ-արևելյան Ասիան է: Այն սկիզբ է առել եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ, որոնք բուդդայականների մոտ ավանդաբար ուղեկցվում են այս հրաշալի երաժշտական գործիքների հնչյուններով:

 

Հոգեպարար ձայն

 

Երգող սկահակները զանգերի տարատեսակն են, որոնք շրջված են, հատակը դեպի վեր և առանց լեզվակների են: Դրանց կարելի է ոչ միայն հարվածել, այլև երաժշտություն ստեղծել սկահակի շրջագծին հատուկ փայտե ձողով` վարսանգով կամ թակիչով սահուն շարժումներ կատարելով: Այդ ժամանակ ձայնը աստիճանաբար բարձրանում է և կարծես ամփոփվում է` լցվելով առավել խորը երանգներով: Թակիչը պտտելով շրջագծով կարելի է երկար ժամանակ պահպանել սկահակի անընդմեջ երգեցողությունը` հնչունային ռեզոնանսը: 

 

Ոչ մի երաժշտական գործիք, լինի այն լարային, ստեղններով կամ հարվածային, չի կարող այդքան երկար հնչականություն ապահովել ինչպես երգող սկահակները: Հենց այս յուրօրինակ հատկությունն էլ դրանց դարձրել է հիանալի գործիք  բուժական ազդեցության համար:

 

Գնդի երաժշտությունը

 

Երգող սկահակները լայնորեն տարածված են Նեպալում, Տիբեթում, Լաոսում, Թայլանդում, Վիետնամում, Մոնղոլիայում, Ճապոնիայում և դա պատահական չէ: Կրոնական ուսմունքում, որին այդ երկրի բնակիչները դավանում են, հնչյունին շատ մեծ նշանակություն են տալիս: Բուդդայի հետևորդները տիեզերքը պատկերացնում են որպես բազմաչափ  հնչունակ մարմին, որի յուրաքանչյուր միկրոտարրը ճառագայթում և ընդունում է տարբեր մեծության և ինտենսիվության անհամար հնչունային ալիքների բազմություն: Նրանք օգտագործում են երգող սկահակները նրա համար, որպեսզի ներդաշնակության բերեն այդքան բազմակերպ հնչունակ մարմինը, կարծելով, որ ձայնային տատանումների համապատասխանությունը և համաչափությունն աստվածային ներդաշնակություն է ստեղծում, այդ թվում և´ մարդու հոգում, և´ մարմնում: Զանգի ձայնային տատանումները օգտագործվել են տարածության մաքրման և բուժման նպատակներով ոչ միայն Արևելքում: Օրինակ, գերմանացիների մոտ սերնդե-սերունդ փոխանցվել են գիտելիքները զանգի հրաշագործ ուժի վերաբերյալ, դրանց վերագրել են ոչ միայն չար ուժերը վտարելու, այլև օդն ախտահանելու, մանրէները ոչնչացնելու ընդունակությունը: Ռուսաստանում ևս դարեր ի վեր գոյություն ունի այն կարծիքը, թե զանգերի ձայնը  հոգուն ուրախություն է բերում, վտարում է ցավը և մաքրում է բանականությունը: 

 

Հայաստանում ևս եկեղեցական զանգերի հնչյունները հոգուն խաղաղություն և ներդաշնակություն են պարգևում:

 

Ավելին, քան մերսումը

 

Մերսման համար մարդուն պառկեցնում են որովայնի վրա, իսկ ողնաշարի գծին և ծնկների տակ դնում են սկահակաները: Եվ ասում են, որքան շատ սկահակներ լինեն, այնքան արդյունքն ավելի լավը կլինի: Իսկ հաջորդող քայլերը նման են մեդիտացիային: Պառկած մարդը պետք է փակի աչքերը և խորանա ինքն իր մեջ, մարմնով «ներծծելով» հնչյունները: Որոշ սկահակների հարվածում են զանգերի պես, մյուսների շրջագծով սահուն անցնում են թակիչով: Թակիչը պետք է պինդ բռնել, իսկ պտտել պետք է և´ սկահակի մեջ, և´ դրսի կողմից: 

 

Կարելի է նաև սկահակները դասավորել մարդու շուրջբոլորը, ոչ թե դնել մարմնին: Նույնիսկ ոչ անմիջական շփման դեպքում էլ հնչյունները գերում են իրենց թափանցող տատանումներով: Սկահակները, որոնք«երգում են» տարբեր տոնայնությամբ, կարծես պարուրում են մարդուն, ով գտնվում է նրանց կենտրոնում:

 

Երգող սկահակներով մերսումը շատ ավելին է, քան սովորական մերսումը: Մարմնի հատվածների մեջ, որոնց վրա դնում են սկահակները,  թափանցում են նուրբ, «ծակծկող» տատանումները: Նման գործողություն կատարող վարպետը պետք է կարողանա այնպես անել, որ մարդը լրիվ լիցքաթափվի, նրա համար հաճելի լինի ոչ միայն մարմնով և լսողությամբ, այլև հոգեպես: Մերսման վարպետների մի մասը  աշխատանքի պահին նաև աղոթքներ են մրմնջում:

 

Ներդաշնակության վերականգնում

 

Քանի դեռ թակիչը սահում է սկահակի պատերին` հնչյուններ ստեղծելով, մարդը, իր համար էլ աննկատ,«այստեղ և հիմա» խաղաղվում է, աստվածային երանության մեջ է ընկնում, որի մասին այդքան հաճախ խոսում են բուդդայականները: Երանգներով հարուստ ձայնային տատանումներն ամբողջությամբ ներդաշնակեցնող ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա: Դրանք օգնում են թուլանալ, նպաստում են առավել խորը շնչառությանը:

 

Երգող սկահակներով մերսումը հանձնարարվում է գերակտիվ երեխաներին, օգտագործվում է նյարդային հիվանդությունների բուժման համար: Արձանագրվել է, որ այն լավացնում է ուշադրության կենտրոնացումը: Հնչյունները, որոնք թափանցում են մարմնի մեջ, վերացնում են պարանոցի և ուսագոտու մկանների լարվածությունը, ազատում են գլխացավից, առողջարար ազդեցություն են գործում մարսողական համակարգի վրա: 

 

Մի քանի տարի առաջ անցկացված հետազոտությունները ապացուցեցին, որ ջուրը փոխում է իր կառուցվածքը  հնչյունների ազդեցությամբ, որոնք նա«լսում է». դասական երաժշտությունից և աղոթքներից նրա մոլեկուլները ավելի գեղեցիկ են դառնում, իսկ ծանր ռոքից նրա միկրոկառուցվածքը քայքայվում է: Դա նշանակում է, որ մարդու մարմինն էլ, որ 60-85%-ով բաղկացած է ջրից, նույնպես նրբորեն  արձագանքում է երաժշտությանը: 

 

Ի դեպ

 

Եթե երգող սկահակի մեջ ջուր լցնել, նույնիսկ սառը, և թակիչը պտտեցնել սկահակի ներսի պատերով, ապա շուտով, կարծես փոքրիկ ուլունքներ դեպի կենտրոն են «շտապում» պղպջակները: Երբ հնչյունը հասնում է գագաթնակետին, պղպջակները սկսում են«թռչկոտել և բաժակից դուրս ցայտել», թեյնիկի եռալու պես, չնայած ջրի ջերմաստիճանը չի փոխվում: Կարծում են, որ նման ջուրը օգտակար է խմելը, քանի որ այն մաքրվել է հնչյունով:     

Հեղինակ. Մարո Գաբրիելյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3-4.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ